«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստերի պատասխանները բացասական են
հունիսի 06, 2020
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել էր փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Տեղափոխման ընթացքում թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմն ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան):
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել, և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանները բացասական են։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեն բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ: