Համագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում
հոկտեմբերի 06, 2023
Դեռևս 2023 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ խուզարկության էին ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին և վերջինիս մոտից հայտնաբերել արգելված իրեր, որոնք նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ. Ա.-ին:
Կ.Կ.-ն ձերբակալվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն է հրապարակել այն մասին, որ վերոնշյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. Կոմիտեի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում Կ.Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով, իսկ դատապարտյալ Մ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: