Մշակութային

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

սեպտեմբերի 24, 2024

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղյանի հետ միասին կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ 

Ռոբերտ Եղյանն ազատազրկված անձանց ներկայացրել է անկախության շրջանի պատմությունը, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, ավարտին ծավալվել է քննարկում նշված ժամանակաշրջանի ուշագրավ իրադարձությունների շուրջ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև հիմնարկի վարչակազմը և ՊՈԱԿ-ի ուսուցիչներ։ 

Անկախության տոնին նվիրված «Հզոր Հայաստան» խորագրով միջոցառում անցկացվել է նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Միջոցառման շրջանակներում ազատազրկված անձանց ներկայացվել է փաստավավերագրական ֆիլմ Անկախության գործընթացի և հռչակման մասին։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների ինքնագործ միավորման անդամների առաջարկով տեղի է ունեցել զրույց-քննարկում՝ «Անկախությունը որպես Աստծո տված պարգև» խորագրով։ Հիմնարկի քահանա Տեր Լևոն Հովհաննիսյանն աղոթքով և օրհնության խոսքով սկսել է զրույցը, որից հետո հնչել են կարծիքներ թեմայի վերաբերյալ։ 

Անկախության օրվա կապակցությամբ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։ Հաղթողներն ու մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։ 

Շախմատի մրցաշար է կազմակերպվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Համառ պայքարի արդյունքում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Վահագն Տիգրանյանը, Արմենակ Բաբայանը և Կոնստանտին Սարկիսյանը։ 

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ևս իրականացվել է Անկախության տոնին նվիրված մարզական միջոցառում։ Դատապարտյալների մարզական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ անցկացվել է ծանրաքարի բարձրացման մրցաշար։ Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է դատապարտյալ Ցոլակ Սիմոնյանը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը՝ օտարերկրյա ազատազրկված անձինք Եվգենի Բյանովը և Սիկհանդար Նիազային։