Պաշտոնական

Հայ-վրացական համագործակցություն

հունիսի 25, 2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի՝ պատիժների կատարման և իրավական օգնության  նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Հուշագիրը ստորագրելուց հետո քրեակատարողական վարչությունում տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն Վրաստանի պատիժների կատարման և իրավական օգնության  նախարար Գեորգի Մղեբրիշվիլու գլխավորած պատվիրակության և քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և  այլ պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչից հետո Վրաստանից ժամանած հյուրերը այցելեցին նորակառույց ՀՀ ԱՆ «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկ, ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին:

Շրջայցից հետո Գեորգի Մղեբրիշվիլին, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես նշեց, որ իր վրա շատ մեծ տպավորություն են թողել հատկապես «Արմավիր» ՔԿՀ-ի ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող շենքային պայմանները:

Իր հերթին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն էլ, անդրադառնալով հուշագրի ստորագրմանը, նկատեց, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումներըը բավական լավ խթան են հետագա համագործակցության համար. արդեն իսկ ձեռք են բերվել փոխադարձ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ՝ կապված պատիժների իրականացման և պրոբացիոն ծառայության ներդրման հետ: