Մշակութային

Հանդիպում գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի հետ

ապրիլի 03, 2026

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց մշակութային ժամանցի ապահովումը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել էր առանձնահատուկ միջոցառում՝ ազատազրկված անձանց հանդիպումը ճանաչված գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի հետ։  

Հանդիպման ընթացքում նկարիչը ներկայացրել է իր կյանքի ուղին՝ անդրադառնալով կենսագրության կարևոր դրվագներին, ստեղծագործական գործունեության ձևավորման փուլերին և հաղթահարած դժվարություններին։ Մայիս Մխիթարյանը խոսել է իր անցած բարդ, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր ու ինքնատիպ ճանապարհի մասին՝ ընդգծելով արվեստի նկատմամբ ունեցած իր նվիրվածությունն ու հավատը։

Նկարիչը ներկայացրել է նաև իր բազմաժանր ստեղծագործությունները՝ բացահայտելով դրանց գաղափարական հիմքերը, ստեղծման պատմությունները և ներշնչման աղբյուրները, կիսվել իր ստեղծագործական մտահղացումների ձևավորման ընթացքով՝ շեշտադրելով սեփական ոճի առանձնահատկությունները և արվեստում ինքնարտահայտման կարևորությունը։

Հանդիպումը վերածվել է ակտիվ երկխոսության նկարիչը պատասխանել է ազատազրկված անձանց բազմաթիվ հարցերին՝ ձևավորելով բաց և անմիջական հաղորդակցություն։ Քննարկվել են արվեստի, ստեղծագործության, ինչպես նաև մարդու ներաշխարհի ու ինքնաճանաչման հետ կապված տարբեր թեմաներ։

Միջոցառման ավարտին գեղանկարիչը հիմնարկի գրադարանին և ազատազրկված անձանց նվիրել է իր մակագրությամբ գրքեր՝ ընդգծելով գիտելիքի ու մշակույթի կարևոր դերը անհատի զարգացման գործընթացում։