Հետևողականորեն կյանքի են կոչվում ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումները
հունիսի 07, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, հանդիսանալով ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի անդամ և ակտիվ ներգրավվածություն ունենալով խորհրդի որոշումների կայացմանը և իրագործմանը, 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ընդունված «Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի 2020-2022թթ. համագործակցության ծրագրի» շրջանակներում պարբերաբար նախաձեռնում է տարաբնույթ միջոցառումներ։
Մասնավորապես՝ 2021 թվականի հունիսի 4-ին Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի նախագահությամբ անցկացվել է գիտագործնական սեմինար՝ «Ազգային և կրոնական հիմքի վրա թշնամանքի և անհամաձայնության բորբոքման հակազդում» և «Ռադիկալ (ծայրահեղական) գաղափարախոսության ենթարկված սոցիալական որոշ խմբերի միջավայրում ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործում պետական իշխանության մարմինների դերը» թեմաներով, որին մասնակցել են Քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Մարկոսյանը, համակարգի օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության, ուղեկցումների, հերթապահության և հատուկ նշանակության բաժինների ծառայողները։
Զեկույցներով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության շտաբի իրավախորհրդատու Էդուարդ Կալիյանը, գլխավոր մասնագետ Ռաֆայել Հարությունյանը և Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի քրեական և քրեադատավարական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղուկասյանը, որից հետո քննարկում է ծավալվել քրեակատարողական համակարգում ահաբեկչական և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների նախականխմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ։
Հարկ է նշել նաև, որ «Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի 2020-2022թթ. համագործակցության ծրագրի» պահանջների կատարումն ապահովելու նպատակով Քրեակատարողական ծառայությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, անցկացվում են թեմային նվիրված գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ծանոթացվելու են համակարգի իրավասու ստորաբաժանումների ծառայողներին (աշխատակիցներին)։
Գիտագործնական սեմինարները և աշխատանքային քննարկումները կրելու են շարունակական բնույթ։