Կրթական

Հերթական դասընթացները հնարավորություն կտան անազատության մեջ գտնվող անձանց ձեռք բերել նոր մասնագիտություն

նոյեմբերի 02, 2022

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են ծաղկեգործության և գրիչների ասեղնագործության դասընթացներ, իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում՝ օճառագործության:

Դասընթացներն իրականացվում են «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ:  

«Գորիս» ՔԿՀ-ում դասընթացը վարում է «Նուռի» բնական օճառի արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավար Սուրեն Բաբայանը, որը դատապարտյալներին սովորեցնում է բնական հումքից օճառներ ստանալու հմտությունները: Դասընթացի ավարտից հետո դատապարտյալների աշխատանքները հանվելու են ցուցահանդես-վաճառքի:  

Հատկանշական է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում դասընթացները վարում է նույն հիմնարկի ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանը, որը ՀԿ-ի հետ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել: Այս փաստը խորհրդանշում է ոչ միայն «Հավասարը՝ հավասարին» ծրագրի սկզբունքը՝ իր «բախտակիցներին» նոր գիտելիքների փոխանցում, այլև դատապարտյալի, թեկուզ անազատության պայմաններում, պահանջված լինելը:

Նշենք, որ դասընթացներին մասնակցող ազատազրկված անձինք հաճախում են մեծ ոգևորությամբ՝ ստանալով օրն իմաստավորելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ:

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ: