Պաշտոնական

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

սեպտեմբերի 01, 2018

Քրեակատարողական ծառայության հարգելի աշխատակիցներ,

Հայը դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից դպրության աստված է ունեցել, ինչն  անժխտելիորեն փաստում է այն մասին, որ մեզ համար գիտելիքը եղել և մնալու է այն միակ կայուն և չարժեզրկվող  հարստությունը, որը դառնում է ազգային նկարագիրը պահելու գրավականը: Գիտելիքը մեր ժողովրդի դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդին՝ վերաարժևորելով և ամրապնդելով հասարակական գիտակցությունը:

Շնորհավորում եմ ձեզ և ձեր երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ այսօր չկա մի մարդ, որ աղերս չունենա այս տոնի հետ: Տոնական այս խանդավառությունը թող ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում, և թող ձեռքբերված գիտելիքներն օգնեն ձեր զավակներին, թոռներին, զարմիկ-զարմուհիներին բարձրանալու գիտելիքների ևս մեկ հաղթական աստիճան: Այս տոնն առանձնահատուկ ու խորհրդանշական է ապագայի կերտման ճշմարիտ ուղու համար:

Շնորհավորանքներս եմ հղում նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մեր այն քաղաքացիներին, ինչպես նաև նրանց երեխաներին, ում համար սեպտեմբերի մեկը հպանցիկ տոն չէ. ցանկանում եմ ձեզ համբերություն և անկոտրում կամք:

Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին, դասախոսներին և, առհասարակ, կրթության գործընթացի բոլոր ներկայացուցիչներին, նրանց, ովքեր իրենց քրտնաջան և նվիրյալ աշխատանքով նպաստում են դպրոցաշինությանը և խթանում են հայապահպանությունը, ազգային արժեքների փոխանցումը և հայրենիքի համար կերտում են արժանի զավակներ:

Մաղթում եմ բոլորիդ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ,

արդարադատության գնդապետ

ԱՐՏՅՈՄ ՄԽՈՅԱՆ