ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերի մասնակից քրեակատարողական ծառայողներին հանձնվել են շնորհակալագրեր
օգոստոսի 31, 2023
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը շնորհակալագրեր է հանձնել Արդարադատության նախարարության թիմում ընդգրկված քրեակատարողական ծառայողներին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև 2023 թվականի օգոստոսի 21-27-ն անցկացված բանակային խաղերին ակտիվ մասնակցելու համար:
Ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Խաչիբաբյանի գլխավորած թիմը բանակային խաղերի՝ իրավապահ համակարգի թիմային հաշվարկում նվաճել է երրորդ տեղը: Բացի այդ՝ կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Լիանա Անդրեասյանը «Կողմնորոշում» անհատական մրցաձևում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը:
Ամբակում Գրիգորյանը շնորհավորել է թիմի անդամներին մասնակցության համար և հույս հայտնել, որ բանակային խաղերը կկրեն շարունակական բնույթ, իսկ քրեակատարողական ծառայողները բազում հաղթանակներ կգրանցեն հետագա խաղերին: Գնդապետ Գրիգորյանն ընդգծել է նաև ուժային կառույցների միջև անցկացվող խաղերի կարևորությունը՝ արդար մրցումների միջոցով ուժային համակարգի ներկայացուցիչների միջև առավել սերտ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության մակարդակում փորձի փոխանակման առումներով: