Պաշտոնական

Հուշակոթողի օծում և երկրաշարժի զոհերին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

դեկտեմբերի 07, 2022

Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին, Հայաստանի Հանրապետության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ տեղի է ունեցել հուշակոթողի օրհնության և բացման արարողություն։ 

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անձնակազմը, հյուրեր և ազատազրկված անձինք։

Հուշակոթողը կառուցվել է հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի նախաձեռնությամբ, բաղկացած է երեք խաչքարերից, որոնք փորագրել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Գեղամ Մելքոնյանը։ Խաչքարերը նվիրված են հանուն հայրենիքի անմահացած բոլոր հայ քաջորդիների և անմեղ զոհերի հիշատակին։

Օծման արարողությունը սկսվել է ներկաների միասնաբար հնչեցված Տերունական աղոթքով։ «Խաչի պատկերը ամենաճիշտ նշանն է այն բանի, թե ինչպես կարելի է կառուցել հասարակություն, համայնք, եղբայրություն, առանց որոնց չենք կարող ունենալ ճիշտ քրիստոնյայի կյանք, բայց պիտի քրիստոնյա դառնանք ոչ միայն ձևով, այլև բովանդակությամբ․․․»,-նշել է Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Այնուհետ կատարվել է հոգեհանգստյան կարգ, ներկաներն աղոթք են բարձրացրել առ Աստված երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրքն ավարտել մոմավառությամբ։  

Այսօր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հոգևոր անկյունում ևս տեղի է ունեցել արարողություն՝ նվիրված դեկտեմբերի 7-ի արհավիրքի անմեղ զոհերի հիշատակին: Մասնակցել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անդամներ, ծառայողներն ու աշխատակիցները, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» բժշկական  ստորաբաժանման ղեկավար, բժիշկ Ար․ Եդոյանը, Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռ․ Մինասյանը և դատապարտյալներ: