Մշակութային

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է գրական-մշակութային միջոցառում

ապրիլի 29, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 29-ին հիմնարկում կազմակերպվել էր գրական-մշակութային միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, հայ ժողովրդի ճակատագրին։ Ներկա են եղել «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Հովիկ Պետրոսյանը, Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ-ի վարչության պետ Արա Սիմոնյանը, գրողներ Սամվել Մաճկալյանը, Աշոտ Աղաբաբյանը, Հակոբ Ղասաբյանը և Կամո Վարդանյանը։ Վերջիններս միջոցառման մասնակից դատապարտյալներին նվիրել են և՛ իրենց հեղինակած, և՛ ժամանակակից գրողների գրքերից։

Քրեակատարողական հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի դատապարտյալները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, արտասանել նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» և Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեական» պոեմներից հատվածներ, քննարկել են միջոցառման ընթացքում հնչեցված ստեղծագործությունները, ինչպես նաև ստեղծագործելուն նպաստող իրավիճակները, ժամանակի թելադրանքները և հոգեվիճակը՝ յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանելով ստեղծագործելու հրամայականը։ 

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք իրենց երախտիքի խոսքն են ասել կազմակերպիչներին՝ ընձեռված ինքնարտահայտման և իրենց ստեղծագործական միտքը լսելու, գնահատելու համար՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ նմանատիպ միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն, իսկ այդ միջոցառումների ընթացքում տեղի ունեցող անկեղծ քննարկումները կոգեշնչեն իրենց և կնպաստեն առավել համարձակ ստեղծագործելուն։