Ձեռքի ուժ կալանավորված անչափահաս անձանց մասնակցությամբ
օգոստոսի 13, 2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց ազատ ժամանակի շահավետ օգտագործելուն և վերասոցիալականացմանը նպաստող կրթական, լուսավորչական, մարզական և մշակութային միջոցառումները, որոնք կալանավորված անձանց և դատապարտյալների ակտիվ ներգրավվածության շնորհիվ դառնում են ուշագրավ և հետաքրքրաշարժ:
Հետևողական լինելով անազատության մեջ գտնվող անձանց առօրյան արդյունավետ դարձնելու ծրագրերի իրականացմանը՝ օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ և հիմնարկի վարչակազմի օժանդակությամբ, պահպանելով հակահամաճարակային անվտանգության անհրաժեշտ բոլոր կանոնները, կազմակերպվել էր մարզական միջոցառում՝ ձեռքի ուժ, որին մասնակցել էին միայն կալանավորված անչափահաս անձինք: Յոթ մասնակիցներից յուրաքանչյուրը ձգտել է լինել առաջինը և հաղթողը, ինչի շնորհիվ էլ մրցակցությունն անցել է թեժ, տրամադրող և անզիջում:
Առաջին երեք լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվել են գովասանագրերով: