Պաշտոնական

Մասնագիտական քննարկումներ հանցագործությունների կանխարգելմանը նվիրված համաժողին

փետրվարի 24, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը մասնակցել է «Հանցագործությունների կանխարգելման պրակտիկայի և բարեփոխումների վերաբերյալ եվրոպական և տարածաշրջանային միտումները և հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով համաժողովին:

Համաժողովի նպատակն էր նախաձեռնել մասնագիտական քննարկումներ հանցավորության կանխարգելման առաջադեմ մոտեցումների վերաբերյալ՝ ոլորտային բարեփոխումների՝ առավել կոնկրետ ուղղություններ սահմանելու համար:

Արտակ Սարգսյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես օպերատիվ ստորաբաժանումների գործունեության բարելավմանն  ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը: Ծառայության շտաբի պետն անդրադարձ է կատարել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսահսկման նորագույն համակարգին, որն ապահովելով հիմնարկի թափանցիկ աշխատանքը՝ նպաստում է հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը: Շտաբի պետն հավելել է, որ նախատեսվում է նման համակարգ տեղադրել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում: 

Արտակ Սարգսյանը խոսել է նաև կրկնահանցագործությունների ռիսկերի նվազման նպատակով ազատազրկված անձանց կրթական և աշխատանքային զբաղվածության ուղղությամբ նախատեսված աշխատանքների մասին: