Մարզական միջոցառումներ՝ «Վանաձոր», «Սևան», «Գորիս» ՔԿՀ-ներում․ ռեկորդային արդյունքներ և ներհիմնարկային հաղթանակներ
փետրվարի 23, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի և Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հետ, կազմակերպել է ձգում մարզաձևի ներհիմնարկային առաջնություն: Առաջնությունը պատշաճ կերպով անցկացրել են Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, սպորտի վարպետ Էրիկ Կոստանյանը, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը, մրցավար, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի և «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանը և մարզիչ Նարեկ Հովսեփյանը։
Արդյունքում ազատազրկված անձ Ն․ Մարգարյանը 200 կիլոգրամ ձգումով զբաղեցրել է 1–ին տեղը՝ սահմանելով ռեկորդ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում, Գ․ Պետրոսյանը 190 կիլոգրամ ձգումով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Ն․ Հովսեփյանը 160 կիլոգրամ պոկումով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Իրենց քաշային կարգում լավագույն արդյունք ցուցաբերելու համար հաղթողները Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիաի կողմից արժանացել են սպորտի վարպետի թեկնածուի կոչման։
Գագիկ Սարոյանն ակտիվ համագործակցության համար ֆեդերացիայի անունից նաև շնորհակալագրեր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանին և Էրիկ Կոստանյանին։ Վերջինս համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի անունից շնորհակալագիր է հանձնել Գագիկ Սարոյանին։
Մարզական միջոցառումներ են կազմակերպվել նաև այլ քրեակատարողական հիմնարկներում։
«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք մրցել են ծանրաձողով հրում պառկած դիրքից վարժությունում, ինչպես նաև իրենց ուժերը չափել են բիլիարդ մարզաձևում։
«Գորիս» ՔԿՀ-ում անցկացվել է շաշկու ներհիմնարկային առաջնություն, որի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Ա․ Հայրապետյանը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Հ․ Սարգսյանը և Ա․ Քարամյանը։