Մշակութային

«Մերօրյա հերոսները»․ մշակութային միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

հունվարի 21, 2021

Հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների և հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Մերօրյա հերոսները» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված 2016թ․ քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմների հերոս նահատակներին ու մասնակիցներին։

Միջոցառումը սկսել են Տերունական աղոթքով, այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսաբար զոհված քաջ հայորդիների հիշատակը։

Օրվա խորհրդին համարժեք հնչած երաժշտական կատարումներից բացի՝ ազատազրկված կանայք ներկայացրել են հերոսների կյանքը, անձնվիրումը հայրենիքին և ժողովրդին։ Խոսքով հանդես են եկել նաև օտարերկրյա երկու դատապարտյալ կանայք, որոնք երկրին խաղաղություն և անկորուստ ապագա մաղթելով՝ հավելել են, որ իրենք նույնպես բոլորի նման պատերազմի ողջ ընթացքում սրտի բաբախյունով և ուշի ուշով հետևել են իրադարձություններին։ Հատկանշական է, որ վերջիններս սովորել և իրենց խոսքը հանդիսատեսին են ներկայացրել հայերենով։

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը միջոցառման ավարտին հարգանքի խոսք է ուղղել հայրենիքի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը նվիրաբերած քաջերին, իսկ կազմակերպիչներին հայտնել է իր շնորհակալությունը՝ ցանկանալով բոլորին տեսնել ուժեղ, հույսով լի և պատրաստ ամեն պահի հայրենիքի կողքին կանգնելու։