Մշակութային միջոցառումներ «Աբովյան» ՔԿՀ-ում
հունիսի 21, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ազատազրկված կանանց համար կազմակերպվել և իրականացվել է հերթական միջոցառումը՝ նվիրված հայ կնոջն ու նրա հերոսական կերպարին, քննարկվել է հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղ․ Աղայանի «Անահիտ» հեքիաթը գրական և հոգեբանական տեսանկյունից, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայոց թագուհիներին, ներկայացվել է նրանց հերոսական կերպարը։ Միջոցառմանը մասնակցել են նաև օտարազգի կին դատապարտյալներ, որոնց համար նյութերը թարգմանվել են ռուսերեն և իսպաներեն։
«Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպվել էր ևս մեկ լուսավորչական միջոցառում՝ «Գաղափարի և լուսավորության ջահակիրը» վերնագրով, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել է հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական և գրող, հայ եկեղեցու նվիրյալ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կյանքը, գործունեությունը և աշխարհայացքը։
Ներկաները կարդացել են գրողի «Պապիկ և թոռնիկ», «Նամակ անցյալից» ստեղծագործություններից հատվածներ, փորձել են յուրովի մեկնաբանել ստեղծագործություններում արծածված արմատական գաղափարները և դրանց արդիականությունը։
Միջոցառումը եզրափակվել է մեծ հայորդուն նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։