Մշակութային

Մշակութային և մարզական միջոցառումների շարք՝ քրեակատարողական հիմնարկներում

դեկտեմբերի 02, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ինքնագործ միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի օժանդակությամբ նոյեմբերի 30-ին հիմնարկի գրադարանում կազմակերպվել է մշակութային միջոցառում։ 

Միջոցառման հյուրերն էին ծաղրանկարիչ, խմբագիր, Հայ դրամատուրգների միության նախագահ, Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Գուրգեն Բալայանը և երգիչ, բանաստեղծ Նարեկ Առաքելյանը։

Բացման խոսքով հանդես են եկել ՍՀԻԱ բաժնի աշխատակիցները՝ կարևորելով հիմնարկում նմանատիպ միջոցառումների անցկացումը և հյուրերի ներկայությունը, որը միանշանակ դրական արդյունք է թողնում անազատության մեջ գտնվող անձանց մտածելակերպի, վերասոցիալականացման ու շրջապատի հանդեպ դրական տրամադրվածության վրա։ Ընթերցանությամբ և իրենց տպավորություններով ելույթ են ունեցել նաև հյուրերն ու մասնակից դատապարտյալները։ 

Միջոցառման ընթացքում մասնակիցները հարգանքի խոսքով և երախտագիտությամբ հիշել են ազգային հերոսներին, հատկապես հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին։

 

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում դատապարտյալների միջև անցկացվել են շաշկու և շախմատի  ներհիմնարկային մրցաշարեր: 

Շաշկու մրցաշարին մասնակցել է 14 դատապարտյալ։ Առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Աշոտ Ղարայանը, Հայկ Թորոսյանը և Արտակ Մարտիրոսյանը, իսկ շախմատի մրցաշարին  մասնակցել է 8 դատապարտյալ։ Դատապարտյալ Հայկ Թորոսյանը զբաղեցրել է առաջին տեղը, երկրորդ տեղը՝ Արսեն Մաթևոսյանը, երրորդ տեղը՝ Աշոտ Ղարայանը:

Մարզական միջոցառումներին մասնակցած բոլոր դատապարտյալները հիմնարկի վարչակազմի կողմից արժանացել են շնորհակալական խոսքերի, որում կարևորվել է մասնավորապես անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած անձինք հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով: