Մշակույթ՝ առանց սահմանների․ ազատազրկված անձանց առցանց այցելությունը՝ Գաֆէսճեան թանգարան
փետրվարի 27, 2026
Քրեակատարողական ծառայության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի համագործակցությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր թանգարանային առցանց այցելություն, որին մասնակցել են «Արթիկ», «Արմավիր», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկները։
Հիմնադրամի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն ազատազրկված անձանց ներկայացրել է թանգարանի արտաքին հարթակներում և ներքին սրահներում ցուցադրված արվեստի գործերը՝ մանրամասն անդրադառնալով յուրաքանչյուր ցուցանմուշին։
Մասնակիցների հատուկ ուշադրությանն է արժանացել «Խանջյան» սրահում ներկայացված մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը, որի երեք առանցքային տեսարանները՝ «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնված Հայաստան», պատկերում են հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերը։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև «Սասունցի Դավիթ» սրահը, որն ընդգծում է ազգային էպոսի գաղափարական ու մշակութային նշանակությունը։