Ներկայացվել է ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուն
սեպտեմբերի 04, 2025
Սեպտեմբերի 4-ին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները մասնակցել են «Հը՞, մա՛մ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի շնորհանդեսին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Կանադայի դեսպանները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Ժողովածուն պատրաստվել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ իրականացվող «Դիմադրության ձայներ․ ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Վահե Նանուշյանը շնորհակալություն է հայտնել միջազգային և ներպետական գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով, որ Քրեակատարողական ծառայությունը մշտապես պատրաստ է նոր համագործակցային ուղիների հաստատմանը։ Նա ընդգծել է, որ անազատության մեջ գտնվող կանանց պատմությունների ներկայացումը կարևոր քայլ է հասարակության շրջանում առկա կարծրատիպերը հաղթահարելու և ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու գործում։
Բացի այդ՝ Վահե Նանուշյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ վերջին քայլերը, մասնավորապես՝ դատապարտյալներին տրամադրվող առավել հարմարավետ և սեզոնին համապատասխան հանդերձանքը, ինչպես նաև հիգիենայի պարագաների նոր փաթեթները։ Նա նաև նշել է, որ Քրեակատարողական ծառայությունը շինարարական աշխատանքների միջոցով հնարավորինս բարելավում է քրեակատարողական հիմնարկների պայմանները։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է լսելի դարձնել ազատազրկված կանանց ձայնը և փոխել հասարակության ընկալումները նրանց նկատմամբ։
Ժողովածուում ներկայացված են անազատության մեջ գտնվող կանանց անձնական պատմությունները՝ ազատազրկման փորձառությունը, դրա հետ հարմարվելու ընթացքը, կյանքի վերաիմաստավորումը, ինչպես նաև կորուստներն ու ձեռքբերումները։