Մշակութային

Նյու Յորքի կինոփառատոնի նախագահ, ֆրանս-ամերիկյան թատրոնի և կինոյի հայազգի նշանավոր դերասանուհի, ռեժիսոր Նորա Արմանին հանդիպել է «Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց հետ

հուլիսի 10, 2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց շրջանում գործող ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների օժանդակությամբ տեղի է ունեցել հանդիպում ֆրանս-ամերիկյան թատրոնի և կինոյի հայազգի նշանավոր դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, Նյու Յորքի կինոփառատոնի նախագահ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ Նորա Արմանիի հետ: 

Հանդիպման հյուրերն են եղել Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության քարտուղար Լիանա Սահակյանը և Արմավիր քաղաքի դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Նալբանդյանը: Ներկա է գտնվել նաև ՔԿՀ-ի ինքնագործ մշակութային միավորման կողմից նախաձեռնված և ՀՄԳՄ աջակցությամբ իրականացված «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» դասընթացի մասնակից շուրջ 20 դատապարտյալ: Ցուցադրվել է Նորա Արմանիին նվիրված կենսագրական ֆիլմ, որից հետո ազատազրկված անձինք տեսաշարով ներկայացրել են իրենց կողմից իրականացված մշակութային, թատերական միջոցառումներն ու կատարված աշխատանքները:

Ազատազրկված անձանց և դերասանուհու միջև ծավալվել է մասնագիտական և բովանդակալից երկխոսություն: Նորա Արմանին դատապարտյալների հետ իրականացրել է նաև վարպետաց դաս: 

Միջոցառման ավարտին ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները Նորա Արմանիին հանձնել են շնորհակալագիր աջակցության համար և իրենց ձեռքի աշխատանքներից: