Հոգևոր

Նորակառույց մատուռի օծում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 27, 2022

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվել է նորակառույց մատուռը՝ խաչքարերով և սրբապատկերներով։ 

Օծմանը ներկա էին ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, Ծառայության կենտրոնական մարմնի և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչներ, քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ռուշանյանը, ծառայողներ և ազատազրկված անձինք։

Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը մատուռն անվանակոչել է Սուրբ Աստվածածնի անունով։ «Մատուռի ներկայությունն անազատության մեջ գտնվող անձանց կօգնի գտնելու իրենց հոգու հույսն ու կենդանությունը, իմաստությունն ու սերն առ աստված»,- օրհնելով ներկաներին՝ իր խոսքն ամփոփել է Տ․ Սիոն արքեպիսկոպոսը։

Մատուռի որմնանկարները, փայտե դռան զարդանախշերն ամբողջությամբ դատապարտյալ Սերգեյ Գրիգորյանի ձեռքի աշխատանքներն են։

Արարողությունից անմիջապես հետո Սուրբ Աստվածածին նորաօծ մատուռում կատարվել է նաև առաջին մկրտությունը․ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Ներսես քահանա Ռուշանյանի ձեռամբ ազատազրկված անձանցից մեկը հոգևոր ծնունդ է առել որպես Քրիստոսով նոր մարդ։