«Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ներում իրականացվել են միջոցառումներ Երվանդ Քոչարի թանգարանի և Համո Սահյանի տուն-թանգարանի մասնակցությամբ
սեպտեմբերի 26, 2024
Վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում և ազատազրկված անձանց հայ մեծերի ստեղծագործական կյանքին հաղորդակից դարձնելու նպատակով շարունակվում են Հայաստանի թանգարանների ներկայացուցիչների այցելությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ։
Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարին։
Հիմնարկ էին այցելել Երվանդ Քոչարի թանգարանի աշխատակիցները, որոնք ազատազրկված անձանց համար ցուցադրել են փաստավավերագրական ֆիլմ Քոչարի կյանքի, գործունեության, ստեղծագործական ժառանգության մասին։
Մշակութային միջոցառում է իրականացվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որը նվիրված է եղել սիրված բանաստեղծ, գրականագետ Համո Սահյանին։
Հիմնարկ էին հրավիրվել Համո Սահյանի տուն-թանգարանի տնօրեն Քնքուշ Հարությունյանը և թանգարանի աշխատակիցները, որոնք ազատազրկված անձանց ներկայացրել են Սահյանի կենսագրությունը, հետաքրքիր դրվագներ նրա կյանքից, ինչպես նաև ասմունքել բանաստեղծի գործերից։