«Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց հանձնվել են հավաստագրեր
հունվարի 20, 2025
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ոչ ֆորմալ կրթական ծրագրին մասնակցած անազատության մեջ գտնվող անձինք ստացել են հավաստագրեր, որոնք հանձնել է ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը։
Արարողությանը ներկա է եղել նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշյալ ծրագրի շրջանակում «Հոգեբանություն», «Ազգագրություն», «Խեցեգործութուն», «Հաշվապահություն», «Համակարգչային հմտություններ», «Հաղորդակցման հմտություններ» առարկաներից 18 մասնակիցներից 13-ը, իսկ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում «Օտար լեզու/ռուսերեն», «Բատիկա», «Հոգեբանություն», «Խեցեգործություն», «Ազգագրություն» առարկաներից 21 մասնակիցներից 19-ը ստացել են հավաստագրեր և վկայագրեր։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում Հայկ Սանոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ ՊՈԱԿ–ը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ուսումնական կրթական և արհեստագործական մոդուլներով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրականացնում է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիրը, որն ուղղված է կրթության, արվեստի, արհեստի բնագավառներում հմտությունների ձևավորման, անձնական աճի և արժեհամակարգի դրական փոփոխման միջոցով անձի վերասոցիալականացմանը:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ նշելով, որ իրականացված դասընթացները և կրթությունը շատ կարևոր են վերասոցիալականացման, անձի կայացման համար, դրանք անմիջականորեն նպաստում են աշխարհայացքի փոփոխմանն ու զարգացմանը, և հույս է հայտնել, որ այս տարի ևս ազատազրկված անձանց կողմից ակտիվություն կցուցաբերվի, և դասընթացները կլինեն շարունակական՝ ընդգրկելով նոր առարկաներ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պետերը ևս շնորհավորել են ազատազրկված անձանց հավաստագրեր և վկայագրեր ստանալու կապակցությամբ: