Մարզական

Շուրջ 20 դատապարտյալ մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված շաշկու առաջնությանը

ապրիլի 11, 2022

Ազատազրկված անձանց շրջանում մշակութային, ճանաչողական, սպորտային և այլ ձևաչափի միջոցառումների օգնությամբ վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 8-ին կազմակերպվել էր հերթական սպորտային միջոցառումը՝ շաշկու առաջնություն, որին մասնակցել է շուրջ երկու տասնյակ դատապարտյալ։

Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմի անդամներից, Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, փոխնախագահ, Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն, IDF վարպետ Նշան Ալավերդյանը և ֆեդերացիայի անդամ Յուրի Ավետիսյանը։

Համառ պայքարի արդյունքում պատվավոր 1-ին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Վալերի Թումասյանը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը հավասար միավորներ հավաքելու համար բաժանվել են դատապարտյալներ Արամ Սարգսյանի և Ալբերտ Հակոբյանի միջև։

Առաջնությանը մասնակցող մյուս դատապարտյալներին ֆեդերացիան պարգևատրել է շնորհակալագրերով ակտիվ մասնակցության համար և հանձնել մարզական որակավորման կարգեր՝ ըստ ստացած արդյունքների։ 

Ազատազրկված անձանց շրջանում շաշկու մրցաշարի կազմակերպման կապակցությամբ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանի կողմից Ֆեդերացիայի անդամներին ևս տրվել են շնորհակալագրեր, իսկ դատապարտյալները, որպես երախտիքի նշան, նրանց են հանձնել իրենց ձեռքի աշխատանքներից՝ հայտնելով նաև իրենց շնորհակալությունը միջոցառման և խաղի համար։