Ուզբեկստանի Հանրապետությունում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը
հոկտեմբերի 22, 2025
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանը և շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանն Ուզբեկստանի Հանրապետությունում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 10-րդ հերթական նիստին։
Նիստին ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի Հանրապետությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։
Հոբելյանական նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ոլորտում տիրող իրավիճակը և հետագա համագործակցության զարգացման ուղղությունները, հանցավորության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջպետական ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումների ընթացքը, քրեակատարողական ծառայությունների համար մասնագիտական կադրերի պատրաստման գործընթացները։
Անդրադարձ է եղել նաև ահաբեկչության և ծայրահեղականության համար դատապարտված, գաղափարական ազդեցության տակ գտնվող անձանց ապաարմատականացման և վերաինտեգրման միջոցառումների առանձնահատկություններին։
Վահե Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված հատկանշական բարեփոխումները, առկա իրավիճակը և առաջիկա ծրագրերը։ Նա ընդգծել է միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության, փոխանակման և կիրառման կարևորությունը՝ շեշտելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Խորհրդի անդամ բոլոր երկրների համապատասխան կառույցների հետ։
Նիստը եզրափակվել է Խորհրդի կազմավորման 10-ամյակին նվիրված պարգևատրման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում Վահե Նանուշյանը և Ռաֆայել Հարությունյանը Խորհրդի նախագահի և ԱՊՀ գործադիր քարտուղարի կողմից պարգևատրվել են պատվոգրով և շնորհակալագրով՝ ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները այցելել են նաև Տավաքսայ ավանում գտնվող ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկ, որտեղ ծանոթացել են հիմնարկի գործունեությանը, ազատազրկված անձանց պահման պայմաններին, աշխատանքային զբաղվածության և վերասոցիալականացման գործընթացներին։ Նրանք հետևել են ազատազրկվածների աշխատանքներին գյուղատնտեսական տարածքներում, արտադրական արհեստանոցներում և տեքստիլ արտադրամասերում։