Պաշտոնական

Պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ

ապրիլի 27, 2022

Ապրիլի 26-ին, «Ժողովուրդ» օրաթերթում անդրադարձ էր կատարվել Քրեակատարողական ծառայության աշխատանքային որոշ դրվագների այն դիտարկմամբ, թե իբր «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել»։

Անդրադարձ կատարելով հոդվածում նշված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու դեպքին՝ խորհուրդ կտայինք հեղինակին ավելի ուշադիր լինել ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը /https://www.sns.am/, որտեղ շեշտվում է՝ միջոցառումն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ ակտիվորեն համագործակցության արդյունքում։ Ավելին՝ նախապատրաստվող առերևույթ հանցավոր արարքի մասին օպերատիվ տեղեկություն էր ստացել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և այն փոխանցել ԱԱԾ, որից հետո ակտիվ համագործակցության արդյունքում բացահայտվել է նշված դեպքը։

Հավելենք նաև, որ Քրեակատարողական ծառայությունը մշտապես հետևողական է իր շարքերը նմանատիպ ծառայողներից ազատելու հարցում, և վերոհիշյալ բացահայտումները կրելու են շարունակական բնույթ օրինակության ամրապնդման համար տարվող պայքարում ինչպես Ծառայության միջոցներով, այնպես էլ այլ իրավապահ մարմինների համագործակցությամբ։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանի ծառայությանը, տեղեկացնենք, որ ծառայողական նպատակահարմարությունից ելնելով՝ Ա․ Սարգսյանի՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնավարումը չշարունակելու նպատակով վերջինս ազատվել է հիշյալ պաշտոնից և տեղափոխվել հավասարազոր մեկ այլ՝ տվյալ պահին ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբի պետի թափուր պաշտոնին։

Նրա աշխատանքային լիազորությունները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կասեցված են դեռևս 2022թ․ ապրիլի 12-ից։ 

/Հավելենք, որ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի կարգավիճակ ունեցող ծառայողի լիազորությունների կասեցումը կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, վերջինիս պաշտոնից ազատելու հիմքեր չեն կարող լինել/։