Պաշտոնական

Պարզաբանում

հուլիսի 19, 2017

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով թեմայի քննարկման ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մասնավորապես հայտարարել է, որ «քրեակատարողական հիմնարկներում նոր իրավիճակ կա, մասնավորապես, այն, որ թույլ չեն տալիս կալանավորների մոտ լրատվական թերթ տանել»:

Սույն պնդման կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին որոշման 13-րդ գլխի 118-րդ կետի` «Կալանավորված անձինք կամ դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի աշխատողի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը կամ դատապարտյալը դիմում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետին»:

Սույն կարգը բացատրվել է Մուշեղ Շուշանյանին, սակայն վերջինս հրաժարվել է թերթերն ու գրքերը իր պաշտպանյալներին փոխանցել ներքին կանոնակարգով սահմանված կարգով, այն է` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի աշխատողի միջոցով:

Ս.թ. հուլիսի 14-ին նույն կարգը բացատրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Ժ. Սեֆիլյանի և Վ. Ավետիսյանի փաստաբան Ա. Պապիկյանին, որը 93 անուն թերթերն ու 2 անուն գիրքը իր պաշտպանյալներին է փոխանցել վերը նշված ձևով, ինչի վերաբերյալ կան համապատասխան գրառումներ:

Նույն օրը Ա. Պապիկյանի կողմից բերված թերթերն ու գրքերը փոխանցվել են նշված կալանավորված անձանց: