Պարզաբանում
ապրիլի 13, 2017
Ապրիլի 13-ին www.news.am կայքում զետեղված ««Սասնա ծռեր» խմբի անդամն արդեն մի քանի ամիս է ՔԿՀ-ի բուժմասում է. նա առողջական խնդիրներ ունի» հրապարակման մեջ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Իրիցյանի պաշտպան Արային Պապիկյանը նշել է, որ իր պաշտպանյալը «Առողջական լուրջ խնդիրներ ունի, հիվանդության բավականին մեծ պատմություն ունի: Երեկ եմ նրան տեսակցել, լյարդի ցավերից էր բողոքում, ոտքերի, երիկամների ցավից, նաեւ աղիքային անանցանելիություն ունի եւ հատուկ սննդակարգի անհրաժեշտություն կա»:
Վերոգրյալի կապակցությամբ հատնում ենք, որ Գ. Իրիցյանը հիմնարկի բուժմաս է տեղափոխվել 2016թ. օգոստոսի 3-ին ձախ ազդրի հետհրազենային վերքի բուժման նպատակով: Հետագայում Գ. Իրիցյանի մոտ արձանագրվել են մի շարք խրոնիկ հիվանդություններ, որոնք ձեռք է բերել մինչ կալանավորումը: Քրեակատարողական հիմնարկում նա ենթարկվել է սոնոգրաֆիկ և ռենտգեն հետազոտությունների, բազմիցս զննել են մաշկաբանն ու նյարդաբանը: Պարբերաբար ներկայացվել է նաև բժշկական աշխատանքային հանձնաժողովի (ԲԱՀ) նիստերին, ինչի արդյունքում մի շարք հետազոտություներից հետո նշանակվել են համապատասխան բուժումներ, որոնք նա, բժիշկների դինամիկ հսկողության ներքո, մինչ այժմ ստանում է, ինչն արձանագրված է վերջինիս հիվանդության պատմագրում:
Ինչ վերաբերում է հատուկ սննդակարգին, ապա տեղեկացնենք, որ «հատուկ սննդակարգ» հասկացություն գոյություն չունի: Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի ստանալու հավելյալ սնունդ հիվանդի դիմումի հիման վրա, բժիշների ցուցմամբ, ըստ անհրաժշտության: