Մշակութային

Սահյանական օր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

նոյեմբերի 22, 2021

Նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է հերթական մշակութային միջոցառումն ազատազրկված կանանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրի շրջանակներում։ 

Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները կազմակերպել էին ցերեկույթ՝ «Գուցե հենց այստեղ․․․» խորագրով՝ նվիրված հայ մեծանուն և սիրված բանաստեղծ Համո Սահյանի կյանքին և ստեղծագործությանը։ Հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալները ոչ միայն օգնել են ՍՀԻԱ բաժնին կազմակերպչական աշխատանքներում, այլև հենց իրենք են ներկայացրել բանաստեղծին․ կարդացել են նրա ստեղծագործություններից, հիշել են բանաստեղծի ապրած կյանքի ելևէջները, հնչել են նաև Համո Սահյանի խոսքերի հիման վրա գրված երգեր։

Ճանաչողական և հոգևոր բովանդակությամբ միջոցառումները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրում են շարունակական բնույթ։