Սերգեյ Ատոմյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ
մարտի 08, 2023
Սիրելիˊ կանայք, շնորհավորում եմ գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Առաջնահերթ ցանկանում եմ շնորհավորել այն մայրերին, ում որդիները հավերժացան հանուն հայրենիքի, հանուն մեր զավակների և մեր ապագայի։ Խոնարհումս նրանց հիշատակին։ Ձեզ ուժ և համբերություն, սիրելիˊ մայրեր։
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր երկիրն այս պահին արծիվների պես պահող, պահպանող հերոս զինվորների մայրերին, քույրերին, սիրելիներին։ Մաղթում եմ բոլորիդ լավատեսություն, համբերություն և առողջություն։ Մեր և մեր երկրի ապագան ձեր որդիների հայրենանվեր և խոստումնալից նվիրումի մեջ է, նրանք իրենց կյանքի գնով կերտում են ապահովություն և անվտանգություն, դուք, սիրելիˊ կանայք, ձեր սիրով և համբերատարությամբ կերտեք նրանց համար հնարավորինս կատարյալ երջանկություն և խաղաղ օթևան։ Անկախ իրավիճակից ու կյանքի ելևէջներից՝ ցանկանում եմ, որ գարնան գալստյան հետ գունավորվի, ջերմանա նաև ձեր կյանքը։
Քրեակատարողական համակարգի հարգելիˊ կանայք, շնորհավորանքներ եմ հղում նաև ձեզ՝ մաղթելով գարնանային վառ տրամադրություն, ժպիտներ և արևշատություն։ Միշտ եղեք հմայիչ և գեղեցիկ։
Շնորհավորելով անազատության մեջ գտնվող կանանց՝ ցանկանում եմ նրանց մաղթել համբերություն և շուտափույթ վերադարձ ազատ կյանք։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, սիրելիˊ կանայք, դուք մեծ դերակատարություն ունեք մեր կյանքում և պարտավոր եք լինել առողջ, ուրախ և երջանիկ։
Շնորհավոր Մարտի 8: