Հոգևոր

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշվել է քրեակատարողական հիմնարկներում

հունվարի 11, 2022

Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցիներում հունվարի 6-ին մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ, որից հետո կատարվել է Ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։

Սուրբ Ծննդյան սրբազան տոնի օրհնությունից և Ջրօրհնեքի արարողությունից զերծ չեն մնացել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները։ Մասնավորապես՝ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ, հիմնարկների հոգևոր հայրերի օժանդակությամբ և ձեռամբ անցկացվել է արարողությունը, որին մասնակցել են ազատազրկված անձինք, ինչպես նաև՝ հիմնարկների աշխատակիցները։ 

Արարողությունից առաջ հոգևոր հայրերը նախ ներկայացրել են սրբազան տոնի խորհուրդը, ապա հատուկ աղոթքներով, շարականների երգեցողությամբ օրհնված և սրբագործված ջուրը բաժանել են ներկաներին։