Սպորտային և հոգևոր միջոցառումներ՝ ազատազրկված անձանց մասնակցությամբ
փետրվարի 15, 2022
Ազատազրկված անձանց շրջանում առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև նրանց զբաղվածությանը, անձնական, մշակութային, հոգևոր զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում շարունակվում են կազմակերպվել տարբեր բնույթի միջոցառումներ։
Մասնավորապես սույն թվականի փետրվարի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ կազմակերպվել էր ներհիմնարկային շախմատի մրցաշար, «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել էր սեղանի թենիսի, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ բիլիարդի առաջնություններ։ Սպորտային միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ չորս տասնյակ դատապարտյալ։ Հաղթողներին հիմնարկի վարչակազմի կողմից շնորհվել են շնորհակալագրեր։
Փետրվարի 12-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ՍՀԻԱ բաժնի կողմից նշվել է երիտասարդների բարեխոս Ս․ Սարգիս զորավարի հիշատակության օրը։ Հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը օրհնել է ներկաներին և տերունական աղոթքով մեկնարկել միջոցառումը։ Մասնակից կին դատապարտյալները ներկայացրել են օրվա խորհուրդը, արտասանել են սիրո մասին բանաստեղծություններ։ Արարողության ավարտին մասնակիցներին բաժանվել են աղի բլիթներ։ Հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին ազատազրկված կանանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ հիմնարկի բակում նշվել է նաև Տյառնընդառաջը։