Ստրասբուրգում կայացել է «Քրեական պատիժներն իրականացնելիս պատժիչ մոտեցումից անցում դեպի վերականգնողական մոտեցում» թեմայով բազմակողմ հանդիպում
դեկտեմբերի 07, 2023
Սույն թվականի նոյեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպված «Քրեական պատիժներն իրականացնելիս պատժիչ մոտեցումից անցում դեպի վերականգնողական մոտեցում» թեմայով բազմակողմ հանդիպում, որին առկա ձևաչափով մասնակցել են 24 երկրների քրեակատարողական և պրոբացիոն ոլորտի ներկայացուցիչներ, իսկ մի շարք երկրների ներկայացուցիչներ՝ առցանց ձևաչափով։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել և համեմատական վերլուծության է ենթարկվել եվրոպական մի շարք երկրների լավագույն փորձը քրեակատարողական հիմնարկներում և հիմնարկներից դուրս վերասոցիալականացման աշխատանքների վերաբերյալ։
Երկօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նպատակները, սկզբունքները, գործունեությունը և այլ առանձնահատկություններ, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության առանձնահատկությունները, նախադեպային որոշումները՝ կայացված մասնավորապես ազատությունից զրկված անձանց վերաբերյալ։
Հանդիպման շրջանակներում Ծովինար Թադևոսյանի և միջազգային մի շարք գործընկերների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն զարգացնելու և խորացնելու միջազգային համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, բացի այդ՝ այլ պետությունների քրեակատարողական ոլորտի պատասխանատուներին ներկայացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում թիրախային խնդիրներին և բարեփոխումներին առնչվող առաջնային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները: