Մշակութային

«Սևան» ՔԿՀ-ում ներկայացվել են ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի աշխատանքները

մայիսի 27, 2022

Այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կայացել է ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը՝ տարբեր ոճի և բովանդակության. փայտե քանդակներ, թզբեհներ, արհեստական ծաղիկներ: Ցուցահանդեսին իրենց պատրաստած թզբեհներն են ներկայացրել նաև հիմնարկի «Մշակութային ինքնագործ միավորման» այլ անդամները: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը և հիմնարկի վարչակազմը:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել Ծառայության կենտոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը՝ քաջալերելով ազատազրկված անձանց լինել ավելի հետևողական և նպատակային՝ իրենց կյանքի այս դժվարին փուլը ստեղծագործելով հաղթահարելու համար:

Ցուցահանդեսի ավարտին ազատազրկված անձինք հյուրերին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքներից: