Մշակութային

«Սևան» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է «Քաոս» ֆիլմը

ապրիլի 03, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Կանանց դերը մեր կյանքում» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված գարնանը, մայրությանը և կնոջը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Հայոց լեզու և գրականություն» ու «Խեցեգործություն» առարկաների շրջանակում։ Միջոցառման կազմակերպմանը օժանդակել են հիմնարկի  սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը և քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման նախագահ, ցմահ դատապարտյալ  Արտակ Ալեքյանը: 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանելյանը դատապարտյալներին ներկայացրել է հայ մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը և ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը, որիդիտում-քննարկման արդյունքում շեշտադրվել են կյանքի կարևոր գաղափարներ, ինչպիսիք են կնոջ սիրո բարերար ազդեցության միջոցով բարոյալքված և ապականված կյանքից հրաժարվելը և բարոյական նորմերով ապրող  մարդ դառնալը:

Միջոցառման ընթացքում «Խեցեգործություն» առարկան դասավանդող ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը կազմակերպել է փոքրիկ, կիրառական արվեստի գործերի ցուցահանդես, իսկ  ավարտին մասնակիցների ներկայացմամբ հնչել ենգարնանը, մայրությանը և կնոջը նվիրված հայ և արտասահմանյան գրականությունից  տողեր: