«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
փետրվարի 20, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով ՀՀ Լոռու մարզի գրողների միության անդամ, թարգմանիչ, գրող-հրապարակախոս Խորեն Գասպարյանի և Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Արտակ Սարուխանյանի հետ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գրքի տոնի կապակցությամբ դատապարտյալների շրջանում կազմակերպել է գրական ցերեկույթ: Հյուրերը ասմունքի տեսքով դատապարտյալներին ներկայացրել են Հ. Թումանյանի քառյակներից և պոեմներից հատվածներ, ինչպես նաև՝ Մեծն Լոռեցու կենսագրությունից հետաքրքրաշարժ դրվագներ, խոհափիլիսոփայական և խրատական մտքեր:
Ողջույնի խոսքով հանդես են եկել հիմնարկի ղեկավար կազմից, իսկ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանը իր ելույթի խոսքում կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը՝ հատուկ ընդգծելով այս ձևաչափով միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության կարևորությունը: