Մարզական

«Վարդաշեն» ՔԿՀ-ում անցկացված շաշկու մրցաշարի հաղթողներին Հայաստանի շաշկու ֆեդերացիայի կողմից շնորհվել են մեդալներ և պատվոգրեր

հոկտեմբերի 23, 2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատազրկված անձանց միջև կազմակերպվել է շաշկու մրցաշար։

Մրցաշարին հետևելու և մարզական բարձր մակարդակ ապահովելու համար «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին հրավիրվել Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, փոխնախագահ Յուրիկ Ավետիսյանը, փոխնախագահ և Հայաստանի գործող չեմպիոն Նշան Ալավերդյանը։

Համառ պայքարում առաջին երեք տեղերը զբաղեցրել են դատապարտյալներ Ցոլակ Սիմոնյանը, Գագիկ Գևորգյանը և Կորյուն Միքայելյանը։

Հայաստանի շաշկու ֆեդերացիայի կողմից հաղթողներին շնորհվել են մեդալներ և պատվոգրեր, իսկ Նշան Ալավերդյանն առաջին հորիզոնականը զբաղեցրած Ցոլակ Սիմոնյանին նվիրել է նաև իր հեղինակած գիրքը։