Վերապատրաստման ծրագիր՝ քրեակատարողական համակարգում միջմասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ
հունվարի 09, 2026
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է միջսահմանային վերապատրաստման ծրագրին, որն իրականացվել է Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (EuroPris) կողմից։
Ծրագիրն ուղղված էր քրեակատարողական հիմնարկներում միջմասնագիտական կիրառական պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև լարված իրավիճակների կանխմանն ու արդյունավետ կարգավորմանը՝ էսկալացիայի նվազեցման հայեցակարգի կիրառմամբ։
Ծրագրի ընթացքում քննարկվել է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման միջմասնագիտական կիրառական մոդելը (Interdisciplinary Practice Training – IPT), ներկայացվել են մոդելի տեսական հիմքերը, կառուցվածքն ու նպատակները, ինչպես նաև դրա կիրառման առանձնահատկությունները Գերմանիայի քրեակատարողական համակարգում։
Մասնակիցներն այցելել են Բեռլինի «Plötzensee» քրեակատարողական հիմնարկի ուսումնական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, IPT մոդելի կառուցվածքին և դրա գործնական կիրառման փորձին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված մեխանիզմներին։
Վերապատրաստման ծրագիրը ներառել է նաև գործնական փուլ, որի ընթացքում մասնակիցները հատուկ կահավորված, առանձնացված սրահներում և սիմուլյացիոն տարածքներում ներգրավվել են նախապես մշակված սցենարների հիման վրա իրականացվող դերային խաղերին, որոնք IPT մոդելի կիրառմամբ վերապատրաստման հիմնական մեթոդների կարևորագույն բաղադրիչներն են։