Վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում
դեկտեմբերի 17, 2021
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքի բաժնի կողմից իրականացվել է մարզական միջոցառում՝ շաշկու ներհիմնարկային առաջնություն։
Միջոցառմանը մեծ ոգևորությամբ և հաղթանակի ակնկալիքով մասնակցել է 12 դատապարտյալ, որոնցից լավագույն խաղացողներ Տ․ Լազարյանը, Լ․ Այվազյանը և Ն․ Եփրեմյանը համապատասխանաբար գրավել են հաղթական երեք տեղերը։
Հիմնարկի վարչակազմը շնորհակալական խոսքերի է արժանացրել բոլոր մասնակիցներին՝ կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումն ու նրանց վերասոցիալականացմանը նպաստող միջոցառումների հաճախակի իրականացումը։
Օրերս ազատազրկված անձանց վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում մարզական միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքի բաժինը «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների օժանդակությամբ կազմակերպել էր հերթական սպորտային միջոցառումը, ցուցադրվել են նաև հայ հայտնի մարզիկների, օլիմպիական չեմպիոնների և նրանց հաջողությունների մասին պատմող վավերագրական ֆիլմեր։