Տարաբնույթ մշակութային միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում
նոյեմբերի 05, 2025
Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց վերասոցիալականացումը, ինչպես նաև մշակույթի դերն այդ գործընթացում, շարունակում է ակտիվ համագործակցել Հայաստանի մշակույթի գործիչների և կազմակերպությունների հետ:
Քրեակատարողական ծառայության և Երևանի պատմության թանգարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր բանախոսություն և մշակութային հանդիպում: Երևանի պատմության թանգարանի գիտահետազոտական գծով տնօրենի տեղակալ Լուսինե Ամիրջանյանը և թանգարանի առաջատար գիտաշխատող Արմինե Սարգսյանն ազատազրկված անձանց ներկայացրել են «Երևանյան պատումներ. Մարդիկ, փողոցներ, ժամանակներ» թեմայի վերաբերյալ բանախոսություն: Մասնագետներն անդրադարձել են հայտնի երևանցիներին, նրանց պատմություններին, հիշողություններին և վկայություններին:
Քրեակատարողական ծառայության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ շարունակվում է հայկական կինոյի հանրահռչակումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։
Նախաձեռնության շրջանակում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր կինոդիտում, ցուցադրվել էր «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրաման։
Ֆիլմը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի դժվարությունների և հաղթանակների մասին է։ Այն ջերմորեն է ընդունվել ազատազրկված անձանց կողմից: Ցուցադրման ավարտին՝ քննարկման ընթացքում, ազատազրկված անձինք հայտնել են նաև շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար և փոխանակվել իրենց տրամադրություններով ու տպավորություններով: