Տոնական և մշակութային միջոցառումներ՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
դեկտեմբերի 28, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ամանորին ընդառաջ կազմակերպվել են մշակութային միջոցառումներ։
Հիմնարկում գործող Ինքնագործ միավորման անդամներ կին դատապարտյալները սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկայացրել են հին հայկական ամանորյա ավանդույթները՝ երգերի, տեսանյութի և զանազան պատմությունների միջոցով։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն նախաձեռնությամբ մեկ այլ միջոցառում է կազմակերպվել «Մեր ճամփան անվերջ է, անկանգ» թեմայով։ Այն նվիրված է եղել հայ ազգին պահող, պահպանող հայ դպրությանը, նրա զարգացման ուղիներին։ Միջոցառման նպատակն է եղել մեկ անգամ ևս հիշել և հիշեցնել Հայոց պատմության այն փառահեղ էջերը, երբ յուրաքանչյուր անգամ դժվարին օրեր ապրելուց հետո հայ ազգը գոտեպնդվել է ու վեր խոյացել կորուստներից ու հուսահատությունից՝ կերտելով նոր ուղի մշակույթի ու դպրության ուժով։
Մասնակից ազատազրկված կանայք ընթերցել են Հայոց Աշխարհին նվիրված բանաստեղծություններ և պատմական ակնարկներ։ Միջոցառման մի հատված տրամադրվել է «Աբովյան» ՔԿՀ-ում ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հանրակրթական ծրագրի առաջին շրջանավարտ կին դատապարտյալին։ ՊՈԱԿ-ի ուսուցիչները և հիմնարկի անձնակազմը շնորհավորել են շրջանավարտին՝ ողջունելով նրա նպատակասլացությունն ու ձեռք բերված գիտելիքների կարևորությունը վերասոցիալականացման գործընթացում։