Մշակութային

Ցմահ դատապարտյալի հեղինակային գրքի շնորհանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

նոյեմբերի 15, 2023

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգսյանի՝ «Փակ դռների բաց գրականություն, գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» գրքի շնորհանդեսը։ Այն Գ․ Սարգսյանի հեղինակած վեցերորդ գիրքն է և նախատեսված է լայն լսարանի համար։ 

Ըստ հեղինակի՝ գիրքն ունի մի շարք առանձնահատկություններ և՛ թեմայի մատուցման ձևաչափում, և՛ գրքի բովանդակությանը ընթերցողի ուղղակի մասնակցությամբ։

Գրքում հեղինակն ընդգրկել է մարդկային հարաբերությունների տարբեր դրսևորումներ՝ խորը հոգեբանական լուծումներով, որոնց ենթատեքստում հենց իր՝ հեղինակի ապրած կյանքն է։ Ինչպես հեղինակն է նշել՝ գրքով ցանկացել է «․․․փակ աշխարհից օրինակ ծառայել բաց աշխարհում գտնվողներին» և օգնել զանազանելու կյանքի չգրված օրենքներն ու մարդու՝ տարբեր երևույթների հետ ունեցած ապրումակցման ընթացակարգերը։

Շնորհանդեսի ավարտին մակագրությամբ գրքեր նվիրելով ներկաներին՝ Գ․ Սարգսյանը իրեն օժանդակելու համար շնորակալություն է հայտնել հիմնարկի վարչակազմին և գրքի հրատարակման աջակիցներին։