ՔԿՀ-ների սոցիալական աշխատողներն ու հոգեբանները մասնակցել են ԵԽ-ի կողմից կազմակերպված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ դասընթացներին
հուլիսի 01, 2024
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 28-ից 29-ը անցկացվել են վերապատրաստման երկօրյա դասընթացներ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ։
2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մարտը ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր վերոնշյալ գործիքի փորձարկումը։ Հաշվի առնելով փորձարկման ժամանակ ի հայտ եկած խնդիրները, ՔԿՀ-ների համապատասխան մասնագետների առաջարկություններն ու կարծիքները՝ գործիքը լրամշակվել է և ներդրվելու է բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում։
Դասընթացներին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ծովինար Թադևոսյանն ու բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ՔԿՀ-ների սոցիալական աշխատողներն ու հոգեբանները։
Մասնակիցները ԵԽ ազգային փորձագետներ Արշակ Գասպարյանի և Դավիթ Գևորգյանի հետ գործնական վարժությունների, խմբային աշխատանքների և դերախաղերի միջոցով ուսումնասիրել են լրամշակված գործիքի կիրառման առանձնահատկությունները։
Գործիքի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազատազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը։