Պաշտոնական

Քննարկում օրենսդրական փոփոխությունների շուրջ

օգոստոսի 29, 2018

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների, քրեակատարողական  հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալների և բաժնի պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության նպատակն էր ամփոփել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կիրառման արդյունավետությունը 2018 թվականի հունիսի 23-ին ուժի մեջ մտած նոր օրենսդրական կառուցակարգերի շրջանակներում (ՀՀ քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքեր, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք):

Մասնավորապես քննարկվեցին «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018թ-ի մայիսի 23-ի ՀՕ-333-Ն օրենքով նախատեսված իրավական կառուցակարգերի պրակտիկ կիրառելությանը խոչընդոտող տարաբնույթ խնդրահարույց իրավիճակներ, ինչպիսիք են՝ զեկույցների կազմման չափորոշիչների և դատապարտյալների վարքի գնահատման մեխանիզմների հստակեցման, աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման, Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցության կայացման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ հիմնախնդիրներ:

Քննարկման ընթացքում Հայկ Քոչինյանը կարևորեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ իրավական առումով հնարավորինս անխոցելի զեկույցներ կազմելու անհրաժեշտությունը՝ հիշատակելով կազմված փաստաթղթերի լրիվության, նրանցում ամրագրված եզրահանգումների օբյեկտիվության և իրավաչափության համար յուրաքանչյուր ծառայողի անհատական պատասխանատվության վերաբերյալ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հանձնարարականները:

Քննարկման արդյունքներով՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացների արդյունավետությունն ու միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: