Քրեակատարողական ծառայողները մասնակցել են «Կոնֆլիկտների կառավարում» վերապատրաստման դասընթացին
հունիսի 10, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունիսի 9-ին անցկացվել է «Կոնֆլիկտների կառավարում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների, հերթապահ խմբերի, Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների աշխատակիցները։
Դասընթացը վարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, հաշտարար Արտակ Կիրակոսյանը։ Ներկա են գտնվել նաև Քրեակատարողական ծառայության պետի խորհրդական Անուշ Դանոյանը և կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ Ռուբեն Այվազյանը, որն իր բացման խոսքում նշել է կոնֆլիկտների կառավարման հմտությունների զարգացման և ամրապնդման կարևորությունը քրեակատարողական ծառայողի ամենօրյա աշխատանքում։
Դասընթացի ընթացքում Արտակ Կիրակոսյանը, ի թիվս այլնի, մասնակիցներին ներկայացրել է կոնֆլիկտի խորացման փուլերը, տարբեր փուլերում միջամտության հնարավորությունները և տեխնիկաները։ Դասընթացավարի հետ քննարկվել են նաև ծառայության ժամանակ առաջացող կոնկրետ իրավիճակները, դրանց լուծման հնարավոր տարբերակները։