Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների համապատասխան մասնագետները ստացել են ավարտական վկայականներ
մայիսի 06, 2025
ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության համագործակցությամբ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության աշխատակիցների և հանցագործություն կատարած անձանց կարողությունների զարգացում» ենթածրագիրը։
Նշյալ ենթածրագրի շրջանակներում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետները մասնակցել են դրական ծնողավարմանն ուղղված հատուկ մշակված դասընթացների և ստացել ավարտական վկայականներ։
Վերապատրաստումներին մասնակցած մասնագետների առաջին խումբը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ արդեն իսկ անցկացնում է «Ծնողավարման հմտություններ» դասընթացը «Արմավիր», «Աբովյան», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում բռնության, մասնավորապես ընտանեկան բռնության համար դատապարտված անձանց հետ։
Մայիսի 2-ին ավարտական վկայականներ է ստացել նաև Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների մասնագետների երկրորդ խումբը, որն իրականացնելու է «Ծնողավարման հմտություններ» դասընթացը «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում։
Վկայականների հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաև Քրեակատարողական ծառայության պետի խորհրդական Անուշ Դանոյանը, որը շնորհավորել է մասնակիցներին՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորության համար և կարևորել նման դասընթացների անցկացումն ազատազրկված անձանց հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում։