Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

մայիսի 31, 2024

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը այցելել են «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ՝ խոսելու երեխաների իրավունքների կարևորության մասին, լսելու նրանց պատկերացումները այդ թեմայի շուրջ։ 

Կենտրոնի 12 և բարձր տարիքային խմբի սաները հանդիպմանը ներկայացրել են իրենց ընկալումները երեխաների իրավունքների իրացման մասին, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծման իրենց տեսլականը։ Հարցուպատասխանի, իրավունքների մասին սեղանի ինտելեկտուալ խաղի միջոցով երեխաների հետ քննարկվել են մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքները։

Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները խոսել են նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության և հանցագործության կատարման դրդապատճառների, կյանքի հետագա ընթացքի վրա այդ հանցագործությունների թողած հետևանքների և ազդեցության մասին։  

Կենտրոնի սաների հետ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, ավարտին նրանք ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները և պատմել դրանց մասին։