Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով ճանաչողական այց է կատարել Էստոնիա
մարտի 25, 2025
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, մարտի 17-ից 21-ը ճանաչողական այց են կատարել Էստոնիա։
Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված այցը նպատակ ուներ խթանելու լավագույն փորձի փոխանակումը՝ աջակցելով Հայաստանում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զարգացմանը, ոլորտային նորարարական նախաձեռնությունների իրականացմանը։
Պատվիրակության անդամներն այցելել են Տալլինի և Վիրուի քրեակատարողական հիմնարկներ, տեղում ծանոթացել պահման պայմաններին, անվտանգության ապահովման ընթացակարգերին, ազատազրկված անձանց դասակազմակերպման առանձնահատկություններին, վերասոցիալականացման ծրագրերին։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները եղել են նաև Էստոնիայի պրոբացիայի ծառայությունում, անվտանգային գիտությունների ակադեմիայում, ուսումնասիրել կրթական ծրագրերի իրականացման գործընթացները, շրջայց կատարել գործնական պարապմունքների համար նախատեսված բանտախցերում և ուսումնական սենյակներում։ Ակադեմիայի տնօրեն Լաուրա Կիկասը և Տալլինի քրեակատարողական հիմնարկի ղեկավար Ռայթ Կուուզեն ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործունեությունը, իրականացված բարեփոխումները, հետագա ծրագրերը։
Տեղի են ունեցել նաև աշխատանքային հանդիպումներ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը քննարկելու, ինչպես նաև համագործակցության ուղիներն ընդլայնելու նպատակով։