Քրեակատարողական ծառայության պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Ստրասբուրգում
նոյեմբերի 15, 2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը ՀՀ պատվիրակության կազմում նոյեմբերի 13-ից 14-ը ճանաչողական այցով եղել են Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում։
Այցն իրականացվել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստան-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում ներառված «Անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդում» և «Հայաստանում պրոբացիայի ծառայության ամրապնդում» ծրագրերի շրջանակներում։
Աշխատանքային այցի ընթացքում պատվիրակության անդամերը տեղում ծանոթացել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ԵԽ չափորոշիչների վերջին զարգացումներին, մարդու իրավունքների մեխանիզմներին, Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության ստորաբաժանման աշխատանքներին։ Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկություններին և ՄԻԵԴ վերջին վճիռներին։
Այցի շրջանակներում տեղի են ունեցել նաև գործնական քննարկումներ և փորձի փոխանակում ոլորտի զարգացման համար կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։