Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ

հոկտեմբերի 19, 2023

Հարգելի՛ գործընկերներ, ծառայակիցներ, իմ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ համակարգի աշխատակիցներին ու վետերաններին, մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր համակարգն այս տարի նշում է իր պաշտոնական գործունեության 104-րդ տարեդարձը։ 

Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի համար այս վճռորոշ, դժվարին ժամանակաշրջանում մեր նվիրյալ աշխատանքով, մասնագիտական պատրաստվածությամբ, անձնվիրությամբ, համատեղ ուժերով պիտի փորձենք լավագույնի հասցնել այն ոլորտի աշխատանքները, որը վստահվել է մեզ մեր գործնական կյանքում: Պահանջվող հաջողության կարող ենք հասնել միմիայն յուրաքանչյուրիս ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների առկայությամբ։ 

Ըստ այդմ, պիտի ջանք չխնայենք՝ մեր մասնագիտական բարձր, սպային վայել բարեխղճությամբ ծառայելու պետությանը պետական ծառայողի՝ օրենքով սահմանված մեր տեսակին բնորոշ պատասխանատվությամբ, մեր պարտականությունների ողջ խստությամբ և ամբողջականությամբ։ Միայն այդպես՝ նվիրյալ և պետականամետ աշխատանքով, գործնական հմտությունների անընդմեջ կատարելագործմամբ և տեսական գիտելիքների հետևողական բարձրացմամբ կարող ենք հասնել քրեակատարողական ծառայողի գործառույթների կատարելագործմանը։

Բարի՛ ծառայություն և խաղաղություն բոլորիս։